Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը երեքշաբթի օրը բացում է ցուցահանդես, նվիրված փոփ-արտի հիմնադիր Էնդի Ուորհոլին և ժամանակակից արվեստի վրա նրա ազդեցությանը:
«Տասնամյակներ շարունակ քննադատները հարգանքի տուրք են մատուցել ազդեցությանը, որը Ուորհոլն ունեցել է ժամանակակից արվեստի վրա, բայց նախկինում ոչ մի ցուցահանդես չի հետազոտել այդ ազդեցության իրական ծավալը»,- ասվում է թանգարանի մամլո հաղորդագրությունում:
Ցուցահանդեսը կոչվում է «Վաթսուն նկարիչներ, հիսուն տարի» և նվիրված է Ուորհոլի անհատական ցուցահանդեսի առաջին 50-ամյա հոբելյանին, որը կայացել է Լոս Անջելեսում:
Մետրոպոլիտենը ներկայացնում է նկարչի 45 աշխատանքներ, որոնք ուշադրություն են հրավիրում ամենասովորական իրերի վրա, օրինակ, «Կոլայի» շիշը, «Քեմպբել» ապուրի պահածոն և ժամանակակից ամերիկյան վարպետների ավելի քան հարյուր ստեղծագործություններ: Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 31-ը: