AM
18 September 2012 - 08:46 AMT

Սամվել Թադևոսյան. «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը թշնամուն հակազդելու միջոց է

Արդեն պատրաստ է «Խոնարհ հերոսներ» փաստագրական ֆիլմաշարի 30-րդ ֆիլմը, նվիրված` Արցախի հերոսամարտում ընկած զինվոր Սմբատ Թադևոսյանին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը:

Ռեժիսորը պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախյան հերոսամարտի կիզակետում, և նկարահանել պատերազմի ողջ ընթացքը: Սցենարի համահեղինակն է Տիգրան Մանասյանը:

Ռեժիսորը նշում է, որ հիմա նման ֆիլմեր է անհրաժեշտ ներկայացնել հանրությանը, քանի որ դրանցով պետք է հակահարված տալ թշնամուն, որը հերոսացնում է մարդասպանին:

Ֆիլմում օգտագործվել են նաև մեկ այլ ազատամարտիկ, օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանի նյութերը: Նրա խոսքով, նրանք իրար հետ հեշտ են համագործակցում, որովհետև պատերազմի ողջ ճանապարհն իրար հետ են անցել և իրար հրաշալի հասկանում են:

Նոյեմբերին պատրաստ կլինի նաև հեղինակի «Միացում» ֆիլմը, որը նվիրվում է Լաչինի ազատագրման 20-ամյակին: