AM
19 Սեպտեմբեր 2012 - 09:36 AMT

Կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգի հիմնական խնդիրներից մեկն է, հայտնում է կրթության նախարարը

Կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգի հիմնական խնդիրներից մեկն է: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դա են վկայում բազմաթիվ սոցիոլոգիական հարցումներն ու ուսումնասիրությունները: «ԿԳՆ հակակոռուպցիոն ծրագրի իրականացման արդյունքում այդ ռիսկերը նվազում են, բայց շատ դանդաղ տեմպերով: Պատճառը ուսանողության որոշակի հատվածի ներգրավվածությունն է այդ կոռուպցիոն գործընթացների մեջ: Կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարը դանդաղ է ընթանալու, քանի դեռ ուսանողը չի գիտակցում որակյալ կրթություն ստանալու կարևորությունը»,- նշեց նա` հավելելով, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն արագացնելու նպատակով ԿԳՆ-ն մի շարք կտրուկ միջոցառումներ է ծրագրում, ինչպես նաև արդեն մշակվում է 2012-2013թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Անդրադառնալով կրթական հաստատությունների, մասնավորապես` դպրոցների և բուհերի ֆինանսավորման մեխանիզմներին` Արմեն Աշոտյանը հաղորդեց, որ այդ մեխանիզմները դառնալու են ավելի բազմազան, գործարկվելու է մրցակցային հիմնադրամ, իսկ լավագույն բուհական նախագծերը կֆինանսավորվեն պետության կողմից: