Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 80 տարեկան է և այս հոբելյանի առթիվ սեպտեմբերի 19-ին կայացավ «Ռուզան» պատմական դրամայի պրեմիերան: Ինչպես հայտնում է Karabakh-open-ը, «Ռուզանի» բեմադրողը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյանն էր:
Թատրոնի տնօրեն Կոմիտաս Դանիելյանի խոսքով թատրոնի 80-ամյակի առթիվ պետք էր արժանի ներկայացում բեմադրել: «Անցած տարվա դեկտեմբերին Երեւանում կայացավ թատերական գործիչների հավաք, որի ընթացքում պարոն Շահվերդյանը ինքը առաջարկեց համագործակցել: Ներկայացման թեման առաջարկեցի ես, թատերախումբը եւ բեմադրողը համաձայնեցին, որովհետեւ այդ թեման միշտ էլ արդիական է՝Հայաստանը այսօր էլ շրջապատված է նույն թշնամիներով»,-կայքի լրագրողի հետ զրույցում նշել է Դանիելյանը։
Բեմադրության մասնակիցները հիմնականում երիտասարդներ են, փաստեց տնօրենը՝ հավելելով. «Չի կարելի ասել, որ մեր թատերախումբն ուժեղ է, սակայն ամեն ինչ արվում է,որ ներկայացումները կայանան: Այսօր մենք ութ ուսանող ունենք, ովքեր Երեւանում վարպետության դասեր են անցնում»։






