AM
21 September 2012 - 10:04 AMT

«Իսրայել Կամերատան» կբացի Վերադարձի փառատոնը

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Վերադարձի փառատոնի բացման համերգը: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարիամ Շահինյանը:

«Այս տարի փառատոնը հանդիսատեսին կներկայանա 6-րդ անգամ և կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը: Ընդհանուր փառատոնը բաղկացած է 8 համերգներից: Այն կներկայանա բազմաթիվ պրեմիերաներով ինչպես գործիքների համադրության առումով, այնպես էլ ստեղծագործությունների»,-ասաց Շահինյանը:

Փառատոնն առաջին անգամ կհյուրընկալի կամերային նվագախմբի: Բացման համերգին ելույթ կունենա «Իսրայելի Կամերատան» Երուսաղեմից, և որպես մենակատար հանդես կգա Պորտուգալիայում բնակվող թավջութակահար Լևոն Մուրադյանը:

«Դարիուս միո» դաշնամուրային դուետը Արմինե և Անահիտ Սողոմոնյանների մասնակցությամբ առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում, չնայած շատ է շրջագայել եվրոպական տարբեր երկրներում:

Վերադարձի փառատոնը կհյուրընկալի նաև Արամ Խաչատրյանի անվան մրցույթի այս տարվա հաղթող, ջութակահար Ֆյոդր Ռուդինին, որը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Փառատոնի ընթացքում կնշվեն նաև երաժշտարվեստի երախտավորների հոբելյաններ: