Երևանի բոլոր բնակիչներն ու քաղաքի հյուրերը սեպտեմբերի 22-ին և 23-ին կարող են այցելել Երևանի մանկական այգի (քաղաքապետարանի հարևանությամբ, Կոմայգի)՝ մասնակցելու «Կինոպուրակ. ֆիլմ բաց երկնքի տակ» նախագծին:
Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Կովկասյան լուսանկարչական արվեստի ասոցիացիայի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից:
Սեպտեմբերի 22-ին «Կինոպուրակում» կցուցադրվի 2001-ին նկարահանված «Ամելի» ֆիլմը` Օդրի Տոտուի անզուգական խաղով: Ֆրանսիական «Ամելի» կինոնկարը համաշխարհային կինեմատոգրաֆիայի բոլոր ժամանակներում նկարահանված ոչ անգլերեն լեզվով ֆիլմերի շարքում ճանաչվել է երկրորդը, 2002 թվականին վեց անվանակարգում այն արժանացել է «Օսկար» մրցանակի:
Սեպտեմբերի 23-ին` ժամը 19:00-ին, կցուցադրվի արդեն վերջին ժամանակներում նկարահանված, կինոքննադատների և կինոմանների շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած ֆրանսիական «1+1» ֆիլմը: Այս ֆիլմի հիմքում ընկած են իրական փաստեր:
«Կինոպուրակ» ծրագիրը նոր մշակույթ է ձևավորում քաղաքային կյանքում: Ծրագրի շրջանակներում ցուցադրվում են բացառապես համաշխարհային կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը, որոնք բացի երևանցիների ժամանցը հետաքրքիր դարձնելուց, ունեն նաև ճանաչողական, դաստիարակչական, ուսուցողական բնույթ:
Կինոդիտմանը կմասնակցեն կինոգետներ, ռեժիսորներ, կինոքննադատներ: Մուտքն ազատ է, հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:






