AM
21 September 2012 - 12:44 AMT

Արվեստն ազատության տարածքը պետք է պահի. «Խենթ աբստրակցիոնիստների» ցուցահանդեսը բացված է

Այսօր` սեպտեմբերի 21-ին Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց հայ աբստրակցիոնիստների խմբակային ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված են Քիքիի (Գրիգոր Միքայելյան), Մոկո Խաչատրյանի, Սէվի (Հենրիկ Խաչատրյան), Վահան Ռումելյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Գարիկ Կարապետյանի, Աշոտ Հարությունյանի, Արմենուհի Մարտիրոսյանի, Նարինե Իսաջանյանի և Լևոն Վարդանյանի շուրջ 20 ստեղծագործություններ:

«Ցանկացած իրապաշտական երևույթի գաղափարն ազատությունն է, դրանից այն կողմ գաղափար դնելն անհեթեթություն է:

Արվեստի քաղաքականացումն ու կոմերցիալիզացիան փախուստ է իրականությունից: Արվեստն ազատության տարածքը պետք է պահի»,-PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում իր մտքերը կիսեց ցուցահանդեսի մասնակից Սէվը:

«Ազատությունն այն է, երբ դու ո՛չ ուրիշին ես խափում, ո՛չ էլ քեզ: Այսինքն իրատես ես, տեսնում ես աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Մնացածն, արդեն, անազատության նշաններ են և պատրանքներ»,-հավելեց նկարիչը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 23-ը: