AM
24 Սեպտեմբեր 2012 - 07:17 AMT

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահը պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին պարգևատրել է «Անանիա Շիրակացու» մեդալով` տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

«Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգում գործող երկարամյա փորձ ունեցող ղեկավարներից է: Նա կանգնած է եղել անկախ Հայաստանի բանկային համակարգի ստեղծման ակունքներում:

Շուրջ 18 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ, իսկ իր շուրջ 40 ամյա բանկային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բանկեր, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում` Մոսկվայում: Նա երկար տարիներ գլխավորել է նաև Հայաստանի Բանկերի միությունը:

Նրա ղեկավարության օրոք Բանկը հասել է զգալի հաջողությունների և այսօր ՀՀ բանկային համակարգում այն ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Նրա անմիջական ղեկավարությամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրներում, ստեղծվել Է ֆիզիկական անձանց Դրամական փոխադրումների «Անելիք» համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում:

Սամվել Ճզմաչյանի կողմից ղեկավարվող բոլոր ընկերություններում միշտ կարևորվել են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև, հնարավորության դեպքում,աջակցություն է ցուցաբերվել արվեստին, մշակույթին, սպորտին և սովորական քաղաքացիներին» – նշվեց պարգևատրման ընթացքում, ասվում է «Անելիք Բանկ» ՓԲԸ հաղորդագրության մեջ: