AM
24 Սեպտեմբեր 2012 - 08:40 AMT

Սամվել Կարապետյան. Դաղստանում ամենալավ պահպանված հայկական հուշարձանը Դերբենդի գերեզմանատունն է

Դաղստանում ամենալավ պահպանված հայկական հուշարձանը Դերբենդի գերեզմանատունն է: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը` ամփոփելով իր 12-օրյա շրջայցը Դաղստան: Նրա խոսքով` հայ բնակչություն և հայկական հուշարձաններ են պահպանվել երկրի հարավային հատվածում: «Հիմնական մասը կենտրոնացած է Դերբենդ քաղաքում, որոշ մասը` դրանից հարավ ընկած մի քանի գյուղերում` մինչև Սամուր գետն ընկած տարածքում` Ադրբեջանի սահմանի մոտ: Պահպանված պատմամշակութային հուշարձաններն առնվազն վաղ քրիստոնեական շրջանին են պատկանում, սակայն գերակշիռ մասն անմխիթար վիճակում է»,- նշեց նա` հավելելով, որ պահպանվել են հիմնականում հայկական գերեզմանոցներ, մի քանի եկեղեցիներ և բնակելի շենքեր:

Հուշարձանագետը նշեց, որ Դերբենդում գտնվում է Ջումա մզկիթը դեռևս 19-րդ դարում փոխակերպված հայկական եկեղեցի է, ամենահինն էր, որ եկեղեցու վերակառուցման արդյունքում էր շինվել: «Դերբենդում է գտնվում նաև 1865-69թթ. կառուցված Սբ. Ամենափրկիչ գմբեթավոր եկեղեցին` արևմտյան մուտքի մոտ զանգակատնով, որը քաղաքի պատմության թանգարանի է վերածվել: Պահպանվել են նաև մի շարք բնակելի շենքեր, որոնց արձանագրություններում հիշատակվում են Օրբելյանցները, Սարուխանյանցները և այլ հայկական տոհմեր: Այս ամենի հետ մեկտեղ քաղաքում պահպանված ամենակարևոր հայկական պատմական հուշարձանը գերեզմանատունն է, որտեղ դեռևս 17-18-րդ դարերի տապանաքարեր կան, որոնք կարևոր ազգագրական և պատմական տեղեկություններ են հաղորդում»,- ընդգծեց Կարապետյանը: