Եբրայերենում «Ցեղասպանություն» բառին համարժեք բառ գոյություն չունի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել Կամերատա Երուսաղեմ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր մաեստրո Ավներ Բիրոնը: Բիրոնը Հայաստան է ժամանել մասնակցելու Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնին:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ մանկուց իր ծնողներից լսել է հայերի մասին, որ նրանք հրեաների պես մեծ տանջանքների և զրկանքների միջով են անցել, և այնուամենայնիվ ապրում և ստեղծագործում են: «Ես ամաչում եմ իմ կառավարության համար, որը, որոշակի քաղաքական դրդապատճառներից ելնելով, չի ընդունում հայերի դեմ իրականացրած մեծ հանցագործությունը»,-ասաց նա:
PanARMENIAN.Net ի թղթակցին այն հարցին, թե ինչու ՞ նա իրերը չի անվանում իր անուններով, եթե ամաչում է իր կառավարության համար, Ավներ Բիրոնն ասաց, որ եբրայերենում չկա համապատասխան բառ. «Մենք դա անվանում ենք Հոլոքոստ»,-եզրափակեց նա:
Նշենք նաև, որ «Հոլոքոստ» բառը թարգմանվում է որպես «ողջակիզում »:






