ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակում սեպտեմբերի 25-ից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում սկսվում են մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված թեմատիկ սեմինարներ` միջին դասարանների դպրոցականների համար:
Ինչպես հայտնում են թանգարանի մամուլի ծառայությունից, սեմինարների 1-ին փուլում ընդգրկված են աշակերտների 5 խմբեր` մայրաքաղաքի 4 և մարզային 1 դպրոցներից: Հանրակրթական դպրոցների 12-15 տարեկան աշակերտների համար կազմակերպված ընդհանուր թվով 10 սեմինար-պարապմունքները նպատակ ունեն խթանել ժառանգության և ժառանգության վայրերի մասին գիտելիքները` վաղ դպրոցական տարիքից:
«Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» սեմինարը դպրոցականների լսարանին կծանոթացնի ոչ միայն ժառանգության նախնական հասկացություններին, այլ թույլ կտա պատկերացում կազմել ժառանգության բնագավառի հատուկ հասկացությունների վերաբերյալ (ժառանգության կառավարում, համաշխարհային ժառանգություն, իսկություն), ըմբռնել ժառանգության նշանակությունը և այն սերնդից սերունդ փոխանցելու անհրաժեշտությունը`պարզեցված դասընթացի և պատկերային նյութի միջոցով:
Երկրորդ` «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարը կկենտրոնանա հնագիտական վայրերի և, մասնավորապես, Էրեբունի ամրոցի պահպանության խնդիրների վրա` խիտ կառուցապատված քաղաքային միջավայրում: Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի կողմից` ՀՀ Գիտության և կրթության նախարարության հետ համագործակցությամբ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնակցային գործընկերությամբ:
Դպրոցականների համար սեմինարները կկայանան սեպտեմբերի 25-ին, 27-ին, հոկտեմբերի 2-ին, 4-ին և 5-ին` ժամը 11:30 – 15:30-ը: Առաջին սեմինարի մասնակիցները Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի սաներն են:
«Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծn իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում (Architectura I Prestizh" գործընկեր): Հայաստանում նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:






