Դաղստանի մայրաքաղաքի հայկական եկեղեցին շուկայի է վերածվել: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում, ամփոփելով իր 12-օրյա շրջայցը Դաղստան, պատմեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը, Մախաչկալայում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցին` Սբ.Պողոս-Պետրոսը շուկայի է վերածվել, ընդ որում` վաճառականները տեղյակ չեն այդ մասին: «Այլ հայկական պատմամշակութային հուշարձաններից պահպանվել է հայերի գերեզմանոցը` քաղաքի մեծ ընդհանուր գերեզմանոցի մի անկյունում, որտեղ մինչև 1920-ականների տապանաքարերը հայատառ են, մնացածը` ռուսալեզու»,- նշեց նա:
Անդրադառնալով Դաղստանի այլ բնակավայրերում պահպանված հայկական հուշարձաններին` Սամվել Կարապետյանը նշեց, որ Ղզլարում եղել է հայկական 3 եկեղեցի և վանք: «Այդ շինություններն այլևս չկան, պահպանվել է միայն Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսանկարը: Բացի այդ, Ղզլարում հանդիպում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայապատկան շենքեր: Ղզլարի մոտ գտնվող Ղարաբաղլը գյուղում պահպանվել է միայն հիմնականում 19-րդ դարի հայատառ տապանաքարերով և 20-րդ դարի ռուսատառ տապանաքարերով գերեզմանոցը»,- տեղեկացրեց Կարապետյանը` հավելելով, որ Ղարաբաղլը գյուղում պահպանվել է նաև հայկական գրադարան, որտեղ, սակայն, հայալեզու գրականություն չկա:
Հուշարձանագետը հիշատակեց նաև Մոլախալիլ և Բիլիճ բնակավայրերը: «Մոլախալիլում Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի նահատակման վայրում ընդարձակ գերեզմանատուն է կառուցվել, որն այժմ շատ վատ վիճակում է. պահպանվել է միայն երկու տապանաքար: Եվս մեկ տապանաքար է պահպանվել Բիլիճի հայկական գերեզմանոցից:






