AM
24 Սեպտեմբեր 2012 - 09:16 AMT

Հուշարձանագետ. Դաղստանաբնակ հայերն ի զորու չեն միայնակ պահպանելու իրենց ազգային ինքնությունը

Դաղստանաբնակ հայերն ի զորու չեն միայնակ պահպանելու իրենց ազգային ինքնությունը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը` ամփոփելով իր 12-օրյա շրջայցը Դաղստան: «Դաղստանաբնակ հայերն առանձնապես չեն զգում Հայաստանի ներկայությունը, իսկ նրանց ուժը չի պատում միայնակ պահպանելու իրենց ազգային ինքնությունը: Նրանց արտաքին օժանդակություն է հարկավոր դրա համար»,- նշեց նա` հավելելով, որ այդ օժանդակությունը կարող է ցուցաբերել միայն Հայաստանը:

Կարապետյանը նշեց, որ գյուղերում գրեթե հայ չի ապրում: «1976թ. հետո նրանց մեծ մասը գաղթել է Ստավրոպոլի երկրամասի Էդեսիա և Բուդյոնովսկ (նախկին Սուրբ Խաչ կամ Մաճառ) քաղաքներ և Ղզլար քաղաքի մոտի Ղարաբաղլը գյուղ: Ընդ որում, Ղարաբաղլը գյուղի հայերը քրիստոնյա են, բայց թրքախոս: Հետաքրքիր է, որ հայախոս հայերը դարձել են ռուսախոս են, բայց թրքախոսները թրքախոս են մնացել: Հայաբնակ վայրերի մեծ մասում չկա անգամ կիրակնօրյա դպրոց, որը կնպաստեր լեզվի և, առհասարակ, ազգային ինքնության պահպանմանը»,- հաղորդեց հուշարձանագետը:

Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի տնօրենը նշեց նաև այն բնակավայրերը, որոնք հիմնադրամի գիտական խումբն այցելել էր Դաղստանի ճանապարհին: «Այդպես, Մոզդոկում մի հայկական եկեղեցի է պահպանվել, այն էլ փայտաշեն, ինչը հազվադեպ երևույթ է: Սակայն Ռուս Ուղղափառ եկեղեցին այն յուրացրել է, թեև մշակութային տեսքն ու ամբողջականությունը պահպանվել է»,- նշեց նա` հավելելով, որ հայկական համայնք է գործում նաև Վլադիկավկազում, որտեղ կա հայկական եկեղեցի, ինչպես նաև կիրակնօրյա դպրոց: