AM
25 September 2012 - 09:00 AMT

Կիսինը Թուրքիայում ելույթ չի ունենում, որովհետև նրանք չեն ճանաչում Եղեռնը

Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում: Առհասարակ Կիսինը զուտ քաղաքական նկատառումներից ելնելով չի այցելում շատ երկրներ: Այդ երկրներից է, օրինակ, Չինաստանը, որովհետև նա բավական երկար է ապրել « կարմիր գույնի տակ»: Եվգենի Կիսինը հրաժարվում է ելույթ ունենալ նաև Թուրքիայում, որովհետև նրանք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին ասաց հռչակավոր դաշնակահարը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ

Կիսինին Հայաստան հրավիրելու գաղափարն առաջացել է յոթ տարի առաջ և այդ ժամանակ էլ փառատոնը կապվել է նրա մենեջմենթի հետ: Սակայն ոչ մի պատասխան չի ստացվել: Փառատոնի հեղինակությունը տարիների ընթացքում աճեց, և 2008 թվականին Կիսինը անձամբ կապվեց փառատոնի ղեկավարության հետ և ասաց, որ չորս տարի հետո կգա Հայաստան:

Երաժիշտն անձամբ ինքն է որոշել, թե ինչ ձևաչափով ելույթ ունենա Երևանում: Նա ընտրել է մենահամերգի տարբերակը և Երևանում կկատարի Հայդնի, Շուբերտի, Բեթհովենի և Լիստի ստեղծագործությունները: Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը ստացել է աշխարհի մեծագույն պարգևները, ունի երկու «Գրեմմի» և այն եզակի երաժիշտներից է, ով ելույթ է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ:

Հայաստան այցելության ժամանակ Կիսինը կլինի նաև աղետի գոտում: Կիսինը առանց բարձրաձայնելու և աղմուկ հանելու տարիների ընթացքում գումարներ է փոխանցել աղետի գոտի, մասնավորապես` Սպիտակ: Նա նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է: Նրան Հայաստան բերեց փառատոնի անունը և այն աստղերի անունները, որոնք ելույթ են ունեցել փառատոնի շրջանակում:

Նա Հայաստանում եղել է մեկ անգամ` 28 տարի առաջ, Վլադիմիր Սպիվակովի հետ: