Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր` սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա LSD ձայնային արվեստի միության և Վարդան Հարությունյանի բացօթյա համերգը ՆՓԱԿ-ի մուտքի մոտ: Համերգը ավանգարդ էքսպերիմենտալ ձայնաինստալյացիոն ծրագիր է, որը կրում է «Կանխատեսումներ» խորագիրը: Միջոցառման ընթացքում փերֆորմերներ Մերի Կիրակոսյանն ու Անահիտ Տեր-Սարգսյանը հանդես կգան իմպրովիզիացիոն շարժումային արվեստով:
Համերգը տեղի կունենա «9 արտիստ+20 տարի» խմբակային ցուցահանդեսի շրջանակներում, որը բացվեց սեպտեմբերի 18-ին: Սեպտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, նախատեսված է նաև «Գիլան, կարկուտից հետո» վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Կինոնկարի ռեժիսորը, սցենարիստն ու մոնտաժողը Արթուր Սախկալյանն է: Իսկ սեպտեմբերի 29-ին` ժամը 15:00-ին, ՆՓԱԿ-ում տեղի կունենա Հեղինակային տեքստի փառատոն: Հայ ժամանակակից գրականության շուրջ 15 ներկայացուցիչներ հանդես կգան հեղինակային ընթերցումներով:
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 27-ը:






