Հայկական ժայռապատկերները կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այդ սեպտեմբերի 24-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ հաղորդեց պատվիրակության անդամ, պրոֆեսոր Հարալդ Մելլերը: Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պրոֆեսորը Հուշարձանների պահպանության և հնագիտության վարչության պետ (Նախապատմական թանգարանի տնօրեն), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ համատեղ ղեկավարում է 2011թվականից Ջերմուկում և Սիսիանում մեկնարկած հայկական ժայռապատկերների հետազոտության հայ-գերմանական համատեղ ծրագիրը: Այն նպատակ ունի փաստագրել և իմաստավորել հայկական ժայռապատկերների հարուստ ժառանգությունը:
Պրոֆեսորը հաղորդեց, որ նախատեսված է ստեղծել հայկական ժայռապատկերների ինտերնետային տվյալների բազա, ինչը կօժանդակի նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Ծրագրի շրջանակում 2012թ. օգոստոսին փոքր քառաթիռ (կվադրոկոպտեր) սարքի միջոցով կատարվել են օդային նկարահանումներ, որոնք նույնպես ներկայացվեցին ՀՀ մշակույթի նախարարին:
Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» 2005թ. ստորագրված համատեղ հայտարարության հիման վրա:
Հասմիկ Պողոսյանը պրոֆեսոր Հարալդ Մելլերին պարգևատրեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:






