AM
25 Սեպտեմբեր 2012 - 11:49 AMT

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 64-րդ տոնավաճառին

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 64-րդ տոնավաճառին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Հայաստանը կներկայանա երկու տաղավարով: Տեր-Վարդանյանի խոսքով` դա պայմանավորված է Երևանի` 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու հետ. տաղավարներից մեկն ամբողջովին նվիրված կլինի Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու հետ կապված երևանյան միջոցառումների, ծրագրերի և դրանց իրականացման արդյունքում տպագրված գրքերի ներկայացմանը:

Մշակույթի նախարարի խորհրդականը տեղեկացրեց, որ տոնավաճառի շրջանակներում հայկական պատվիրակությունը կներկայացնի հայ ժամանակակից գրականությունը, վերջին հրատարակությունները: «Կներկայացվեն նաև Հայաստանի մասին մի շարք հայագետների հրատարակած օտարալեզու գրքերը, այդ թվում նախատեսված է Արցախի մասին անգլերեն և ֆրանսերեն երկու հրատարակությունների շնորհանդեսը: Հայկական կողմը պատրաստվում է ներկայացնել նաև Երևանում «Citybooks» համաեվրոպական ծրագրի իրականացման արդյունքները և դրանց հիման վրա հրատարակված գրականությունը: Դրա հետ մեկտեղ կներկայացվեն 2001 և 2011 թվականներին Հայաստանում իրականացված «Գրական տապան» փառատոնի արդյունքում հրատարակված գրքերը և նկարահանված ֆիլմը, ինչպես նաև հոկտեմբերի 16-26-ը կայանալիք «Գրական տապան 2012» փառատոնի ծրագիրը, որում այս անգամ ընդգրկվել են ոչ միայն եվրոպական, այլև լատինամերիկյան գրողներ:

Հայկական պատվիրակության կազմում Ֆրանկֆուրտ կմեկնեն «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զանգակի», «Անտարեսի», «Արևիկի» և այլ հրատարակչությունների ներկայացուցիչներ, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, մի շարք ժամանակակից գրողներ, այդ թվում Հովհաննես Թեքգյոզյանը, Հասմիկ Սիմոնյանը և այլք:

«Citybooks» համաեվրոպական ծրագրի շրջանակներում եվրոպացի գրողները, որոշ ժամանակ ապրելով որևէ քաղաքում, գրում են իրենց տպավորությունները, որոնք տեղադրվում են www.city-books.eu կայքում: Այս տարի ծրագիրն իրականացվում է նաև Երևանում. ապրիլ ամսին Երևանում էր բելգիացի գրող Սերժ վան Դայնհովենը:

«Գրական Տապանը» գրողների, գրականագետների, ընթերցողների ֆորում է։ Հայաստան հրավիրելով աշխարհի տարբեր երկրների գրականության ներկայացուցիչներին, նրանց ներկայացնելով մեր մշակույթը, երկիրը, գրականությունը` «Գրական Տապանը» հայ գրողների, գրականագետների, լրագրողների, ընթերցողների և հրավիրյալ գրողների համար ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ մշակութային, հասարակական-քաղաքացիական խնդիրների քննարկման հարթակ է դառնում։ «Գրական Տապանն» առաջին անգամ անցկացվել է 2001թ. Երևանում, երկրորդ անգամ` 2011թ. Երևանում և Ջերմուկում։ Իսկ այս տարի այն կանցկացվի Վանաձորում, Լոռվա մարզում և Երևանում։ Հոկտեմբերի 16-26-ը փառատոնը կանցկացվի երկու սիմվոլիկ հատվածների պայմանական բաժանմամբ՝ Պոեզիա և Արձակ։ Տեղի կունենան քննարկումներ, ընթերցումներ, կլոր սեղաններ, աշխատանոցներ։