ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արտերկրում կերպարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար լիբանանահայ քանդակագործ Րաֆֆի Թոքաթլյանին պարգևատրել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Րաֆֆի Թոքաթլյանը ծնվել է 1957 թ. հայ արվեստագետների ընտանիքում: Ապագա քանդակագործի համար պապի՝ 1915 թ. Ցեղասպանությունից մազապուրծ արվեստագետ Աբրահամ Թոքաթլեանի և հոր՝ Պողոս Թոքաթլեանի ապրած հուզախառն հուշերը դարձել են ներշնչանք ու դրսևորվել նրա արարչական գործում: Նրա արվեստի փիլիսոփայության մեջ առկա է նաև եվրոպականը՝ հատկապես իտալական վերածննդի շունչը: Րաֆֆի Թոքաթլյանի քանդակները գնահատվել ու շարունակում են արժևորվել ողջ աշխարհում, սակայն յուրաքանչյուր հայի համար մեծագույն գնահատանքը իր երկրում մեծարվելն է:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բարձր գնահատելով Րաֆֆի Թոքաթլյանի արվեստը՝ առաջարկեց հայրենիքում կազմակերպել քանդակագործի անհատական ցուցահանդես, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:






