Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) երեկ` սեպտեմբերի 25-ին, տեղի ունեցավ LSD ձայնային արվեստի միության և Վարդան Հարությունյանի համատեղ համերգը: Միջոցառումը ավանգարդ էքսպերիմենտալ ձայնաինստալյացիոն ծրագիր էր, որը կրում էր «Կանխատեսումներ» խորագիրը: Երևանի Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհիներ Մերի Կիրակոսյանն ու Անահիտ Տեր-Սարգսյանը հանդես եկան իմպրովիզիացիոն շարժումային արվեստով:
Համերգը Վարդան Հարությունյանի և LSD-ի առաջին համագործակցությունն էր: Ձայնաինստալյացիոն ծրագիրն ամբողջովին իմպրովիզացիա էր` հիմնված փսիխադելիք, փանք, ալտերնատիվ ռոքի, թրեշ արթի երաժշտական էլեմենտների և էքսպերիմենտալ ձայնային, էլեկտրաակուստիկ լուծումների վրա:
Շուրջ մեկ ժամ տևած երաժշտական իմպրովիզացիան ուղեկցվում էր մնջախաղի դերասանուհիների շարժումային ներկայացմամբ: Մարմինների կորագիծ, իսկ երբեմն կտրուկ ու ջղաձգված շարժումներով, արտահայտիչ դիմախաղով և էմոցիոնալ պոռթկումներով նրանք վերարտադրում էին մարդու ներքինի և արտաքինի հակամարտությունը, ըմբոստությունը, բացահայտում ինքնաճանաչման, ազատության ձգտումն ու վախը դրանից: Փերֆորմերների պլաստիկ ուրվագծերն ամբողջովին արտապատկերում էին ձայնային լուծումները` տպավորություն ստեղծելով, թե իրարից բաժան գոյություն ունենալ չեն կարող:
Մի բան է, երբ իմպրովիզացիան կատարվում է կանխավ մտածված երաժշտական ուղեկցությամբ, և բոլորովին այլ բան է, երբ դերասաններն իրենք էլ չգիտեն, թե ինչ երաժշտական լուծումներ են հնչելու: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մերին և Անահիտը նշեցին, որ նման պարագայում խնդիրը կրկնակի բարդ է: «Այդպիսի իմպրովիզացիայի ժամանակ դերասանը հաճախ չափից դուրս է անկեղծանում: Նա վեր է հանում խիստ անձնական ու թաքցված զգացումներ, ամբողջովին տրվում հանդիսատեսին: Հենց դրանում է կայանում իմպրովիզացիայի հետաքրքրությունն ու վտանգը»,- ասացին նրանք:
Արվեստագետների ձայնաինստալյացիոն և շարժումային իմպրովիզացիաները ոչ միայն չէին խանգարում, այլև լրացնում էին միմյանց` հանդիսատեսին ներկայացնելով մեկ ներդաշնակ ամբողջություն:
Համերգը կայացավ «9 արտիստ+20 տարի» խմբակային ցուցահանդեսի շրջանակներում:






