Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում բացվեց «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը: Փառատոնի շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք, որի 60 տաղավարներում ներկայացված են 18 պետությունների (Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Արգենտինա և այլն) ապրանքներ: Փառատոնն ունի արդյունաբերական, տնտեսական և մշակութային ուղղվածություն և այդ ձևաչափով առաջին անգամ է անցկացվում Երևանում:
Փառատոնի կազմակերպիչ GMG Մեդիա գրուպի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնի նպատակն է աջակցել Սիրիայի հայերին. տարածքում դրվելու են արկղեր, որտեղ կարելի է հանգանակել ցանկացած գումար, որը կտրամադրվի Հայաստանում ապրող սիրիահայ ընտանիքներին: «Այդ նպատակով ստեղծվել է ցուցակ, ըստ որի և կլինի հանգանակության բաշխումը: Բացի այդ, սիրիահայերին կտրամադրվի նաև ցուցահանդես- վաճառքից ստացված գումարի որոշ մասը: Մենք իսկապես կարևորում ենք, որ փառատոնը կայացավ և այդպիսով հնարավորություն ստացանք մեր աջակցությունը ցուցաբերելու սիրիահայերին»,- նշեց նա:
Բացմանը ներկա պաշտոնատար անձանց դիմավորեցին աղ ու հացով: Երևան քաղաքի աշխատակազմի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, մեջբերելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը, վստահություն հայտնեց, որ «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնի շրջանակում տարբեր երկրների գործարարները կկարողանան արդյունավետ կապեր հաստատել իրենց գործընկերների հետ:
Մարսել քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանն իր հերթին կարևորեց, որ փառատոնը շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: «Այս տոնավաճառը ոչ միայն ապրանքների ցուցադրման, այլև մարդկանց հանդիպման կամուրջ է, նոր ծանոթություններ և կապեր հաստատելու համար»,- ասաց նա:
Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան շեշտեց, որ «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնի բացումը երկրների և ժողովուրդների միջև համագործակցության խորհրդանիշն է: «Դա է վկայում նաև փառատոնի խորագիրը: Մի շաք ժողովուրդների ու երկրների մշակույթ է ներկայացված այստեղ, և երևանցիներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու այլ երկրների մշակույթի և արդյունաբերության հետ»,- նշեց դեսպանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով` փառատոնը խաղաղության, ամերաշխության, ընկերության և բարեկամության խորհրդանիշն է: «Այս միջոցառումը վկայությունն է նաև այն բանի, որ հասարակական կառույցը կարող է համախմբել պետական, քաղաքական, դիվանագիտական կազմակերպություններին, որոնց էլ շնորհակալությունս եմ հայտնում փառատոնին իրենց մասնակցությունը ցուցաբերելու համար: Ծրագրից ստացված հասույթն ուղղվելու է սիրիահայերի աջակցությանը, որը շատ կարևոր փաստ է Սիրիայում մեր հայրենակիցներին դժվար դրության մեջ օգնելու գործում»,- ասաց նախարարը:
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Անի Զեյթունյանն իր խոսքում ամբողջ սիրիահայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին և բոլոր այն մասնակիցներին, «ովքեր օգնության ձեռք են մեկնում դժվար կացության մեջ հայտնված Սիրիայի հայ համայնքին»:
Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:






