Շուշիում հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Շուշի Արթ Փրոջեքթ» ժամանակակից արվեստի առաջին նախագիծը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է նախագծի արտ-համակարգող Լիլիթ Սարգսյանը, ծրագիրը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու իր վրա: ««Շուշի Արթ Փրոջեքթը» իր ձևաչափի մեջ աննախադեպ է, և երկու շաբաթվա ընթացքում միջոցառմանն իրենց մասնակցությունը կբերեն արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից: Նախագիծը մտադիր է ձեռք բերել միջազգային կարգավիճակ` Շուշիում հյուրընկալելով արտասահմանյան արվեստագետների և կազմակերպություններ: Այն նպատակ ունի նաև կապեր հաստատելու և համագործակցելու տեղի և Հայաստանի մարզերի արվեստագետների ու մշակութային կազմակերպությունների հետ»,- նշել է նա` հավելելով, որ նախագծում ընդգրկված են շուրջ 20 արվեստագետներ, որոնք հանդես կգան բացօթյա պերֆորմանսներով, վիդեոարթով, լենդ-արթով և այլն:
«Շուշի Արթ Փրոջեքթի» ընթացքում կցուցադրվի նաև «Տատիկին դաջվածքները» փաստավավերագրական ֆիլմը, որի շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանը վարպետության դաս կանցկացնի Շուշիի ուսանողների համար: Ճանաչված լուսանկարիչ Գերման Ավագյանն իր հերթին նվիրաբերում-ակցիա կիրականացնի զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Իսկ «Նարեկացի» արվեստի միության երգչախումբը հանդես կգա համերգով:
Տեղի կունենան նաև կլոր-սեղան-հանդիպումներ մասնակից արվեստագետների հետ: Նախագծի ավարտից հետո այն կներկայացվի Երևանում` ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
«Շուշի Արթ Փրոջեքթի» գլխավոր նպատակն է արծարծել տեղային խնդիրները` ինքնություն, սոցիալ-քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, ինչպես նաև հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխոսության թե' Հայաստանի, թե' միջազգային շրջանակում:






