Նարեկացի արվեստի միության ցուցասրահում այսօր` սեպտեմբերի 27-ին` ժամը 16:00-ին, կբացվի ուշխորհրդային ավանգարդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Վահրիճ Բախչանյանի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում:
«Խորհրդային ավանգարդի հայրապետ», «վերջին ֆուտուրիստ», «պեղածո գազան». այսպիսի բնորոշումներով են արվեստի քննադատության և գրականության տեքստերը բնորոշում Վահրիճ Բախչանյանին (1938-2009) ու նրա ստեղծագործությունը, որ բաժանվում է երկու` մոսկովյան (1967-74 թթ.) և նյույորքյան (1974-2009 թթ.) շրջանների: Գրականությունը նրան դիրքայնացնում է մոսկովյան կոցեպտուալիզմի համատեքստում` որպես այդ շարժման գրականակենտրոն ռոմանտիկ թևի ներկայացուցչի: Ի վերջո, Բախչանյանին է պատկանում աֆորիզմի վերածված` «Մենք ծնված ենք, որպեսզի Կաֆկան եղելություն դարձնենք» («Мы рождены, чтоб Кафку сделать былью») թևավոր խոսքը:
Վահրիճ Բախչանյանի ունեցած ցուցահանդեսների ազդեցիկ ցուցակում կարելի է հանդիպել ՄօՄԱ-ի, Պոմպիդուի անվ. կենտրոնի, Տրետյակովյան պատկերասրահի և բազում այլ հեղինակավոր կենտրոնների անուններ, իսկ նրա գործերը զետեղված են այնպիսի մշտական հավաքածուներում, ինչպիսիք են, օրինակ, Յակոբ և Քենդա Բար-Գերայի հավաքածուն Քյոլնում, Ժամանակակից արվեստի կենտրոնը Մոսկվայում, Տրետյակովյան պետական պատկերասրահը, Պետական ռուսական թանգարանը Սանկտ Պետերբուրգում, Փոլ Գեթիի անվ. արվեստի թանգարանը Լոս Անջելեսում, Ցիմերլիի անվ. արվեստի թանգարանը Նյու Ջերսիում, Իգոր Մարկինի հավաքածուն և այլն:
Նարեկացի արվեստի մությունում կցուցադրվեն Բախչանյանի կոլատպումները` առանց սոսնձման ստեղծված կոլաժ-փոխադրումները, որոնց տեխնիկայի մտահղացման հեղինակը հենց ինքը` Վահրիճն է: Այդ իմաստով ցուցահանդեսը ոչ այնքան ռետրոսպեկտիվային է, որքան` ճանաչողական:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Նյու Յորքից հատուկ Երևան են ժամանել նկարչի այրին` Այրին Բախչանյանը և կինոռեժիսոր Անդրեյ Զագդանսկին, ով այժմ աշխատում է Բախչանյանի կյանքին և ստեղծագործությանը նվիրված կենսավավերագրական կինոնկարի վրա: Նարեկացի արվեստի միությունը նաև հրատարակել է Բախչանյանի նյույորքյան շրջանի աշխատանքների գեղարվեստական ալբոմ, որի շնորհանդեսն էլ տեղի կունենա ցուցահանդեսի բացման օրը: Միջոցառման հատուկ հրավիրյալ բանախոսն է արվեստի քննադատ, համադրող Նազարեթ Կարոյանը: Ցուցահանդեսի համադրողն է Սևան Նագգաշեանը:
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 7-ը: Մուտքն ազատ է:






