AM
27 Սեպտեմբեր 2012 - 11:48 AMT

Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը 43 մլն եվրո կհատկացնի

Եվրամիությունը Հայաստանի կառավարությանը 43 մլն եվրո կհատկացնի կառավարության հնարավորությունների ընդլայնման համար: Այդ մասին սեպտեմբերի 27-ին ՀՀ Կառավարությունում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա նաև հայտնել է, որ ՀՀ կառավարության հետ 2 պայմանագիր է կնքվել այդ գումարը տրամադրելու վերաբերյալ, որը կօգնի Հայաստանի պետկառույցներին նախապատրաստվել ԵՄ հետ քաղաքական ասոցիացիային ու տնտեսական ինտեգրմանը:

Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ Հայաստանը «ամուր հիմքերի վրա է և մեկնարկում է ամուր հենակետից» երկրում դրական փոփոխություններ են արձանագրվում, ինչը ԵՄ-ն գնահատեց լրացուցիչ 15 մլն եվրո Եվրոպական հարևանության «Ավելին ավելիի դիմաց» ծրագրով: «Գտնում եմ, որ ոչ ոքի, այդ թվում բանակցող թիմի մոտ, կասկած չառաջացավ, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին ի բարօրություն այս երկրի քաղաքացիների ու ԵՄ-ի»,-ասել է նա:

Հայաստանի նվաճումների թվում Ֆյուլեն նշեց մուտքի արտոնագրերը և ռեադմիսիան, դրական արդյունքները Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում, Հայաստանի մասնակցութունը ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրին: Նա կարևորեց նաև ժողովրդավարացումը նախանշված բարեփոխումների իրականացման ճանապարհին, իսկ դրա համար հարկավոր է ներառել նաև հասարակայնությանը:

Իր հերթին վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: «Ֆյուլեի այցը հնարավորություն է տալիս գնահատելու մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հստակեցնել հետագա քայլերը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ ԵՄ աջակցությունն ու ստորագրված պայմանագրերը թույլ կտան հզորացնել կառավարության հնարավորությունները, ինչպես ենթակառուցվածքների զարգացման, սանիտարիայի և ֆիտոսանիտարիայի հարցերի լուծման օրենսդրական բարեփոխումների, հարկային ու մաքսայիրն վարչարարության կատարելագործման ուղղությամբ: «Մենք վստահ ենք, որ այցն ու բանակցությունները Ֆյուլեի հետ, ինչպես նաև ստորագրված պայմանագրերը նոր խթան կհաղորդեն Հայաստան-ԵՄ ինտեգրմանը»,-ասել է նա: