AM
1 Հոկտեմբեր 2012 - 11:38 AMT

Բրիտանական էկրանային պարարվեստը` Հայ Ֆեստ միջազգային թատերական փառատոնում

Բրիտանական էկրանային պարարվեստի լավագույն նմուշները ներկայացնող «Forward Motion» ֆիլմաշարը կներկայացվի Հայ Ֆեստ միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Այն արտացոլում է բրիտանական պարարվեստի զարգացման նորարար միտումները և ներկայացնում Միացյալ Թագավորության արվեստագետների տեսակետը ժամանակակից պարողների գործունեության վերաբերյալ: Բրիտանական խորհրդի և «South East Dance» կազմակերպության հետ համատեղ ստեղծված այս շարքը ցուցադրվել է աշխարհի տարբեր անկյուններում` Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում և եվրոպական երկրներում` բացահայտելով բրիտանական պարարվեստի բազմազանությունն ու ազդեցությունն արվեստի այս ճյուղի զարգացման համաշխարհային միտումների վրա:

Հոկտեմբերի 2-9 յուրաքանչյուր օր` ժամը 14.00-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Forward Motion» շարքի երեք ֆիլմից մեկը: Առաջին` «Ներածություններ» հատվածը ներկայացնում է կարճամետրաժ պարային ֆիլմեր, իսկ Բրայթընի համալսարանի պրոֆեսոր Լիզ Ագիսը պատմում է էկրանային արվեստի ժանրի մասին: «Խորաթափանցություն» հատվածում պարողներն ու կինոգործիչները քննարկում են իրենց աշխատանքը ու ներկայացնում էկրանի համար բեմադրվող` էկրանային պարի առանձնահատկությունները: Կինոգործիչ Իզաբել Ռոքամորան պատմում է իր «Հորիզոնի արտաքսումը» պարային ֆիլմի ստեղծման մասին, ընդգծում ձայնի ու երաժշտության կարևորության մասին: Նրա ֆիլմը համեմված է ոչ միայն բարձրակարգ պարային շարժումներով, այլև հայկական դուդուկով: «Ջիվան Գասպարյանը հայ դուդուկահար է: Երբ ես առաջին անգամ լսեցի նրա մասին դեռ 2002 թվականին, հասկացա, որ նրա երաժշտությունը կօգտագործեմ իմ ֆիլմում»,- «Forward Motion» ֆիլմում պատմում է Իզաբել Ռոքամարան: Երրորդ` «Արվեստագետների ընտրություն» ծրագրի ընթացքում Միացյալ Թագավորության ժամանակակից առաջնակարգ պարողները ներկայացնում են իրենց ներշնչանք հանդիսացող ֆիլմերը: Ակրամ Խանը պատմում է Լոյդ Նյուսոնի «Ապրելու արժեքը», իսկ Շոբանա Յեվասինգը ` Միրանդա Պենելի «Երեկոյահավաք» ֆիլմի մասին:

«Forward Motion» էկրանային պարարվեստը ներկայացնող ֆիլմը ցուցադրում է ինչպես լավագույն արվեստագետների աշխատանքը, այնպես էլ փորձարարական նորարարությունները` հիմք ստեղծելով քննարկումների համար: Հայ Ֆեստ միջազգային թատերական փառատոնի հետ Բրիտանական խորհուրդը համագործակցվում է հիմնադրման օրից` ներկայացնելով բրիտանական կատարողական արվեստի լավագույն և նորարար նմուշները: