AM
1 October 2012 - 13:08 AMT

Ցոլակ Մլքե-Գալստյան. Հայ Ֆեստին տեղի կունենա «Միհր» թատրոնի նոր ներկայացման պրեմիերան

Հայ Ֆեստ միջազգային թատերական 10-րդ փառատոնին տեղի կունենա «Միհր» թատրոնի նոր ներկայացման պրեմիերան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի միակ պարային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը, որը սեպտեմբերի 29-ին բանախոսությամբ հանդես եկավ TEDxYerevan 2012 կոնֆերանսում: «Հոկտեմբերի 4-ին` ժամը 20:30-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Զինվորներ» ներկայացման պրեմիերան»,- նշեց նա` հավելելով, որ մնացածը հանդիսատեսը կարող է գալ և իր աչքով տեսնել:

Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը: Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: «Միհր» թատոնից բացի Հայաստանի մասնակիցների թվում են Պատանի հանդիսատեսի թատրոնը, Տիկնիկային թատրոնը, ԳԱԿ-ը:

TEDxYerevan 2012 կոնֆերանսին «Միհր» թատրոնը հանդես եկավ երկու փոքրիկ ներկայացումներով, իսկ Ցոլակ Մլքե-Գալստյանը կիսվեց պարային շարժումների` հոգուց և սրտից բխելու մասին իր մտորումներով: