AM
1 Հոկտեմբեր 2012 - 15:29 AMT

«Հայֆեստ-2012». Յուրաքանչյուրը կարող է հայտնվել շեքսպիրյան կամ հայկական հեքիաթի հերոսի կերպարում

«Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնի առթիվ սկսվել է առաջին բացօթյա ակցիան: Քաղաքի տարբեր անկյուններում դրվելու են Ուստիյանի ու Քաջ Նազարի, ինչպես նաև Ռոմեոյի ու Ջուլիետայի ստիլիզացված տաղավարները, որոնց հետ յուրաքանչյուր ոք կարող է լուսանկարվել լիովին անվճար:

«Լուսանկարները հայտնվելու են մեր ֆեյսբուքյան էջում, որտեղից մարդիկ կարող են վերցնել դրանք: Այս կերպ փորձում ենք կապ հաստատել հանդիսատեսի հետ, որը կլինի նաև թատրոնի մեջ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց փառատոնի բացօթյա միջոցառումների ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը: Երկու օրերի ընթացքում տաղավարները հայտնվել են Հյուսիսային պողոտայում, վաղվանից կլինեն «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, իսկ մինչ փառատոնի վերջ` Տիկնիկային թատրոնի մոտ: Բացի դրանից, սպասվում է նաև «Ծաղիկներ փառատոնին» ակցիան:

«Հայֆեստ» փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այն կբացի ճապոնական «Դադադադան տենկո» թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: Փառատոնին մասնակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: