AM
2 October 2012 - 09:27 AMT

Ճապոնացի թմբկահարներն այսօր կբացեն «Հայֆեստը»

Այսօր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կբացվի թվով 10-րդ «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը: Այն կբացի «Դադադադան տենկո» ճապոնական թմբկահարների խումբը, որը կներկայանա երաժշտական և պարային ներկայացմամբ: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքով նրանք մի քանի տարի աշխատել են, որպեսզի ճապոնական խումբը գա Հայաստան:

Թատերախմբի պարող Մոնդորի Իսայան լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ժամանակակից մշակույթը համադրում են ճապոնական ավանդույթների հետ: «Հայաստանն այն երկիրն է, որը երկար ժամանակ ցանկանում էինք այցելել, և հայկական մշակույթն իմ կարծիքով ազդեցություն է ունեցել մեր մշակույթների վրա» ,-ասաց նա:

Ճապոնացիները Հայաստան են եկել Վրաստանից. «Լինել մայրաքաղաքում և միաժամանակ այսքան սարեր տեսնել, զարմանալի է և գեղեցիկ: Ես Արարատը տեսա և կարծում եմ, որ այն իրոք նման է մեր Ֆուձիյամային» ,-հավելեց նա:

Խումբն առանձնանում է նրանով, որ բացի երաժշտական գործիքներից, նրանք օգտագործում են պար, երգ, որը հաճախ չի հանդիպում:

«Հայֆեստ» փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այս տարի փառատոնն անցնում է Never miss կարգախոսով, իսկ տարվա խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը:

Այս տարվա մասնակիցների թվում են 25 խմբեր 17 երկրից, որոնք հանդես կգան 10 բեմերում: Փառատոնին մասնակցելու են այս տարվա Պերմ-սթրիթ բացօթյա փառատոնի մասնակիցները Պորտուգալիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: