AM
2 October 2012 - 11:04 AMT

Կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող դուետը ելույթ կունենա Երևանում

Հոկտեմբերի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենա «Դարիուս Միյո» դաշնամուրային դուետը՝ (Արմինե Սողոմոնյան և Անահիտ Սողոմոնյան): Համերգը տեղի է ունենալու դասական երաժշտության Վերադարձի վեցերորդ փառատոնի շրջանակում:

Համերգում հնչելու են Ֆ. Շուբերտի, Ֆ. Լիստի, Կ. Դեբյուսիի, Ֆ. Պուլենկի և Կ.Սեն-Սանսի ստեղծագործությունները: Արմինե և Անահիտ Սողոմոնյան քույրերը դեռևս մանուկ հասակից դաշնամուրային անսամբլով բազմաթիվ ելույթներ են ունեցել: Հետագայում, ճակատագրի բերումով, Անահիտ Սողոմոնյանն իր ուսումը, կատարողական և աշխատանքային գործունեությունը շարունակել է հայրենիքից հեռու: Սակայն երաժշտությունը քույրերին նորից միավորել է, և արդեն 15 տարուց ի վեր նրանք միասին հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում:

Կոմպոզիտոր Դարիուս Միյոյի այրին` հմայված լինելով ամուսնու ստեղծագործության հիանալի մեկնաբանմամբ, քույրերին առաջարկում է կրել կոմպոզիտորի անունը` ի նշան երախտագիտության: «Դարիուս Միյո» դաշնամուրային դուետը իր կատարողական արտիստիզմով, նրբությամբ, հուզականությամբ և անկեղծությամբ գրավել է հանդիսատեսի և երաժշտական քննադատների ուշադրությունը: Դաշնամուրային դուետը բազմիցս մասնակցել է հեղինակավոր փառատոներին, ինչպես նաև համերգներ է ունեցել Եվրոպայի մի շարք երկրներում:

Դաշնամուրային դուետը Ֆրանսիայում թողարկել է 2 ձայնասկավառակ և 2 տեսաերիզ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այն անցնում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: