Հոկտեմբերի 3-ին` Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրը «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը հրավիրում է մասնակցելու ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի ծննդյան 77-րդ տարեդարձին նվիրված երեկոյին:
Ինչպես հայտնում է մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը` երեկոյի առաջին մասում ելույթ կունենա «Օշական» տրիոն՝ հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններով:
Երկրորդ մասում հաճելի հուշերով ու պատմություններով հանդես կգան մեծ դերասանի խաղընկերները, ընկերները, նրա արվեստը սիրող և գնահատող հանդիսատեսը: Ապա ներկաները կմասնակցեն Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմի առաջին դիտմանը:
Տեսաֆիլմում տեղ են գտել լրագրող Ռիտա Շառոյանի անձնական արխիվի երբեք չօգտագործված տեսանյութերն ու հարցազրույցները՝ Արմեն Ջիգարխանյանի հետ: «Մենք պարտական ենք բոլոր այն մեծերին, ովքեր կոչված են իրենց գործով ու տաղանդով վիթխարի, լուսավոր ու անջնջելի հետք թողնել համամարդկային արժեքների հարատև ընթացքի վրա: Իսկ այս տեսաֆիլմը մեր նվիրումի և սիրո համեստ արգասիքն է մեծանուն արտիստի տարեդարձին»,-ասում է հեղինակը: