AM
2 October 2012 - 12:22 AMT

Է. Նալբանդյան. Միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների դատապարտման հարցում

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում: Իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, նա մասնավորապես ասել է. «ՄԱԿ-ը հաջորդ տարի նշելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Այդ տարեդարձը կարևոր հանգրվան է լինելու` այդ կոնվենցիան ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն առավել արդյունավետ գործիք դարձնելու համար: Ցեղասպանության ժխտումը և անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար:

Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության արհավիրքները վերապրած ազգի զավակներ՝ մենք համոզված ենք, որ անկախ որևէ նկատառումից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման հարցում, որպեսզի կարողանա կանխել դրանք: Այս միաձայնության պակասի պատճառով է, որ աշխարհը կանգնում է մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի: Խորապես համոզված ենք, որ այս հարցը մեր ընդհանուր օրակարգի առաջնային շարքերում պետք է լինի: Մենք պետք է կրկին անգամ հանձնառություն ստանձնենք այնպիսի աշխարհ ունենալու համար, որում ցեղասպանության հանցագործությունն այլևս երբեք չի կրկնվի:

Հայաստանը շարունակելու է ընդհանուր պատասխանատվության իր բաժինը կրել` օժանդակելով ՄԱԿ-ին` որպես այսօրվա աշխարհի բազմաթիվ մարտահրավերները դիմագրավելուն ուղղված երկխոսության, բազմակողմանիության ու հավաքական գործողությունների հարթակ», հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: