AM
2 Հոկտեմբեր 2012 - 13:06 AMT

Երևանում կանցկացվեն «Թանգարանագիտություն և թանգարանային ցուցադրություն» թեմայով դասընթացներ

Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակում, 2012թ. հոկտեմբերի 4-9-ը Երևանում կանցկացվեն ուսուցողական դասընթացներ` «Թանգարանագիտություն և թանգարանային ցուցադրություն» թեմայով: Դասընթացի կազմակերպիչը Միլանի Պոլիտեխնիկական ինստիտուտն է:

Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում է ծրագրի մամուլի ծառայությունը: Կազմակերպիչներն ակնկալում են Հայաստանի թանգարանային ոլորտի մասնագետներին օգնել ստանալու հիմնարար գիտելիքներ` թանգարանային գործում արդի մոտեցումների և թանգարանների կառավարման նոր մեթոդների վերաբերյալ: Դասընթացը կանդրադառնա ժամանակակից թանգարանների պրոֆիլին, կառուցվածքին, ցուցադրության կազմակերպման և մեկնաբանման արդի եղանակներին, նոր տեխնոլոգիաների ներդրմանը թանգարաններում, ինչպես նաև LIGHT DESIGN-ի չափանիշներին:

Հաշվի առնելով մասնակից-թանգարաններից յուրաքանչյուրին բնորոշ խնդիրները, դասընթացները կանցկացվեն ինտերակտիվ միջավայրում` ներառելով նաև գործնական աշխատանքներ:

Դասընթացը հասցեագրված է թանգարանային ամենատարբեր աշխատողների` կառավարիչներ, գիտաշխատողներ, ցուցանմուշների պահապաններ, մարկետինգի պատասխանատուներ և այլն:

Դասընթացը կվարի թանգարանագետ, Միլանի Պոլիտեխնիկի պրոֆեսոր Ֆուլվիա Պրեմոլին: Առաջադիմությամբ աչքի ընկող մասնակիցները դասընթացի ավարտին կխրախուսվեն Միլանի Պոլիտեխնիկի կողմից տրված վկայականով:

Դասընթացն անվճար է: Այն համաֆինանսավորվում է Միլանի Պոլիտեխնիկի և «Կրթական ծրագիր Հայաստանում` վերականգնման ոլորտում» միջազգային համագործակցության ծրագրի կողմից:

Դասընթացի հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 14:00-ին, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում: Բացմանը ներկա կլինեն Իտալիայի արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ և այլոք: