Ռուսաստանը իր ռազմական օբյեկտների մի մասը սպառազինության հետ միասին հանձնում է Հայաստանի տնօրինությանը` խախտելով բարիդրացիության սկզբունքները: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հոկտեմբերի 1-ին հայտարարել է պատգամավոր Սաբիր Ռուստամհանլին:
Նրա կարծիքով, Ռուսաստանը դրանով «վախեցնում է» անկախ հարևանին, որի նկատմամբ ցուցադրում է «եղբայրական հարաբերություններ»: «ՌԴ գործողությունների և ԱՍԱԼԱ հայկական կազմակերպության մեջ սկզբունքային տարբերություն չկա»,- կարծում է խորհրդարանականը:
Պատգամավորը հայտարարությունը կատարել է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ելույթի հիման վրա, հաղորդում է mediaforum.az-ը:
«Ցանկանում եմ հաստատել, որ մեր այսօրվա հանդիպումների ժամանակ այլ հարցերի շարքում մենք քննարկել ենք նաև Հայաստանում գտնվող 102 ռուսական ռազմաբազայի վերակազմավորման հարցը, որը տեղի է ունենում ռուսական զինված ուժերում բարեփոխումների շրջանակներում: Մենք հայկական կողմին հանձնել ենք շուրջ 10 օբյեկտներ»,- ասել է ռուս նախարարը: