AM
2 Հոկտեմբեր 2012 - 14:33 AMT

Հայաստանի գրադարաններում կանցկացվի «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրը

Արդեն երրորդ տարին է` «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հայ գրատպություն-500» և «Երևանը` գրքի համաշխար¬հային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրա-պետության գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը: Ավանդական և սիրելի դարձած ծրագիրն այս և հաջորդող տարիներին անցկացվելու է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ երեկոյան ժամը 18:00-23:00-ն:

«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:

Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան` կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ. կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ: Կկազմակերպվեն նաև գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ:

«Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրն այս տարի նույնպես կանցկացվի Հայաստանի ազգային գրադարանում, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, երաժշտագիտական գրադարանում, Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ՀՀ մարզային և համայնքային գրադարաններում:

ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: