AM
2 Հոկտեմբեր 2012 - 18:09 AMT

ԱՄՆ-ում 1935թ. «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» կբացի սարսափ ֆիլմերի ամիսը

Ջեյմս Ուեյլի 1935թ. «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» կբացի դասական սարսափ ֆիլմերի ամիսը: Հելոունի առթիվ դասական սարսափ ֆիլմերի ամսի մեկնարկի մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Ամերիկյան կինոակադեմիան, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

«Սարսափի համաշխարհային ժառանգությունը» ծրագիրը նվիրված է նաև Universal կինոստուդիայի 100-ամյակին: Կինոժապավենների ցուցադրությունը կսկսվի այսօրվանից` հոկտեմբերի 2-ից:

Սարսափ ֆիլմերի ամսվա շրջանակում կրկին մեծ էկրաններին կցուցադրվեն Թոդ Բրոունինգի 1931թ. «Դրակուլան», Ռուպերտ Ջուլիանի 1925թ. «Օպերայի ուրվականը» համր ֆիլմը, Ալֆրեդ Հիչքոքի 1963թ. «Թռչունները», իսկ Ջեք Առնոլդի «Արարածը սև լագունայից» կցուցադրվի 3D տարբերակով: Բոլոր ֆիլմերը վերականգնման են ենթարկվել:

Բացի այդ, Ամերիկյան կինոակադեմիան կբացի թեմատիկ ցուցահանդես` նվիրված սարսափ ֆիլմերին: Այցելուները կկարողանան տեսնել հազվագյուտ ցուցապաստառներ, լուսանկարներ և այլ արտեֆակտեր, որոնք կպատմեն դասական սարսափ ֆիլմերի ստեղծման պատմությունը: