AM
3 Հոկտեմբեր 2012 - 06:41 AMT

«Հրապարակ». Թե քանի տարեկան է Պարույր Սևակը

«Հրապարակ»-ն իր այսօրվա համարում մայրաքաղաքի մշակութային դեմքին է ադրադարձել : Հոդվածագիրը գրում է.«Ինչպես գիտենք, 2012 թվականին Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Միևնույն ժամանակ լրանում է հայագիր տպագրության 500-ամյակը:

Այդ ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել և դեռ կկազմակերպվեն , սակայն անկեղծ լինենք ու նկատենք, որ երբեմնի մեր ընթերցասեր հասարակությունն անտարբեր է, իսկ երբեմն արհամարհական վերաբերմունք է դրսևորում այդ երևույթին: Մեր մայրաքաղաքում, որ պատեհ-անպատեհ միջոցառումներով է ծանրաբեռնված, զարմանալի չէ, որ մշակույթի ոլորտի մարդիկ անգամ անտեղյակ են շատ միջոցառումների մասին: Իսկ հայագիր տպագրության խորհրդանշական հոբելյանը ոչնչով չփոխեց օտարագիր գլխատառերի ճոխ և իշխող ներկայությունը մեր քաղաքում:

Վերջերս Դավթաշենի կամրջի հարևանությամբ՝ Զովունու ճանապարհին, գովազդային հսկա մի վահանակի վրա տեսա Պարույր Սևակի մեծադիր լուսանկարը: Առաջին հայացքից մտածեցի, որ դրա ներկայությունն էլ պայմանավորված է տպագիր գրքի 500 -ամյակով կամ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումներով: Սակայն, երբ նկարի վրա կարդացի՝ Պարույր Սևակ- 85, հասկացա, որ սխալվել եմ: Ստացվում է, որ երևի արդեն 4-րդ տարին է՝ Սևակը 85 տարեկան է, մինչդեռ տարիուկես հետո նշելու ենք մեծ պոետի 90 ամյակը: Իհարկե, չենք թերագնահատում՝ ոչ պակաս պատկառելի հայրենասեր են այն մարդիկ, ովքեր համատարած մոռացության, անտարբերության մեր օրերում 3-4 տարի առաջ արժանի հարգանք են մատուցել մեծ պոետին, բայց կարծում ենք, որ տարիներ շարունակ պոետի տարիքը նույն այդ վահանակի վրա սխալ կարդալով՝ նույնքան անտարբերության դրսևորում է մեծ գրողի հանդեպ: Մանավանդ, որ նկարը ժամանակի մեջ խամրել է արևից, անձրևներից, քամիներից: Այնպես որ, 1924 թվականին ծնված Պարույր Սևակը մի քանի ամսից կդառնա 89 տարեկան»: