AM
3 October 2012 - 09:39 AMT

Սերգեյ Սոբյանին. Ջիգարխանյանի ստեղծած կերպարների շարքը յուրօրինակ հանրագիտարան է դարձել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ծննդյան 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, ասվում է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Ականավոր դերասան, տաղանդավար ռեժիսոր, էկրանին և բեմին Ձեր երկարամյա նվիրումը հսկայական ավանդ է հայրենական մշակույթի զարգացման մեջ: Ձեր ստեղծած կերպարների շարքը մարդկային տարբեր տիպերի ու բնավորությունների յուրօրինակ հանրագիտարան է դարձել: Ստեղծագործական էներգիան ու բարձր պորֆեսիոնալիզմը օգնում են Ձեզ հաջողությամբ ղեկավարել մայրաքաղաքի ամենասիրված թատրոններից մեկը՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնը Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ»:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը: 1954թ. ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: 1953-54թթ որպես օպերատորի օգնական աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1955-67թթ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: 1967թ. տեղափոխվել է Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի թատրոն: 1969-96թթ խաղացել է Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում: 1975թ. «Եռանկյունի» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում և կադրից այն կողմ մարմնավորել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի բազմաթիվ մուլտհերոսների: 1979թ. Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է «Հանդիպման վայը փոխել չի կարելի» 5-սերիանոց ֆիլմում:

1981թ. նկարահանվել է ռուս-ֆրանսիական «Թեհրան 43» ֆիլմում: 1991-96թթ դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան համառուսական պետական կինեմատոգրագիայի համալսարանում: Խաղացած ֆիլմերից են` «Բարև, ես եմ», «Տղամարդիկ», «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ», «Հարսնացուն հյուսիսից», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Արևիկ», «Մխիթար սպարապետ», «Գիքոր», «Ալի Բաբան և 40 ավազակները», «Օտար խաղեր», «Ալֆոնս», «Մոսկովյան արձակուրդներ», «Ռևիզորը», «Մարգո թագուհի», «Մեր բակը 2», «Խելագարություն», «Եռյակը» և այլն: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ, 1985թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Հայրենիքին մատուղած ծառայությունների համար դերասանն արժանացել է 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի շքանշանների: Նա գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Բնակվում է Մոսկվայում և ղեկավարում Մոսկվայի դրամատիկական թատրոնը: