AM
4 October 2012 - 07:59 AMT

Բակո Սահակյան. Լրատվությունն աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման միջոցներից է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ուղերձ է հղել Երևանում մեկնարկած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ողջունում եմ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Լրագրողների համահայկական համաժողովները բարի ավանդույթ են դարձել մեր իրականության մեջ: Ուրախալի է, որ նախորդ՝ 5-րդ համաժողովը, տեղի է ունեցել Արցախում:

Լրատվությունը հանդիսանում է ռազմավարական կարևորություն ունեցող այն ասպարեզներից, որն առնչվում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներին: Մեզ համար այն նաև աշխարհասփյուռ հայության միասնականության ամրապնդման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու ընդլայնման, հայ ազգային ինքնության պահպանման առանցքային միջոցներից մեկն է, որի դերակատարությունը արդի համաշխարհայնացման պայմաններում դժվար է գերագնահատել:

Այս տեսանկյունից հատկապես կարևոր է համայն հայության ջանքերի համախմբումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործում: Աշխատանքներն այս ուղղությամբ պահանջում են սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական, լրատվական, գիտակրթական, վերլուծական և այլ շրջանակների միջև: Անհարժեշտ է նաև կայուն կապ հաստատել տարբեր պետությունների լրագրողների և ԶԼՄ-ների հետ:

Ակնհայտ է, որ ցեղասպանությունների կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն նման ոճիրների փաստի ճանաչումը, այլև ցեղասպանության քաղաքականության դատապարտումը և գործնական քայլերի մշակումը նրանց բացառման ուղղությամբ: Այս առումով անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Արցախյան հիմնախնդրի լուսաբանմանը և Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականության դատապարտման գործընթացին:

Վստահ եմ, որ համաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջև դրված խնդիրները և կնպաստի տեղեկատվական ոլորտում գործնական կապերի զարգացմանը:

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին` հաջողություններ և ամենայն բարիք», հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունը: