AM
4 Հոկտեմբեր 2012 - 08:38 AMT

Վլադիմիր Մսրյանը ետմահու պարգևատրվել է հայրենիքին ծառայելու համար 2-րդ աստիճանի շքանշանով

Հայ մեծ դերասան Վլադիմիր Մսրյանը Սանկտ Պետեբուրգի իշխանությունների կողմից ետմահու պարգևատրվել է հայրենիքին ծառայելու համար 2-րդ աստիճանի շքանշանով: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Սանկտ Պետերբուրգի «Ուղղափառ» կինոստուդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը: Նա նշեց, որ պարգևը դերասանի 75-ամյակի առթիվ շնորհվել է նրա ընտանիքին: «Բացի այդ, դերասանի 75-ամյակի առթիվ պատրաստվում ենք նրա մասին ֆիլմ նկարահանել, որի մեջ կընդգրկվեն գլխավոր դերում նրա մասնակցությամբ «Նիկոլո Պագանինի» ֆիլմում չընդգրկված դրվագներ: Նյութերը կտրամադրի «Լենֆիլմ» կինոստուդիան, ինչպես նաև Վլադիմիր Մսրյանի որդին` Արման Մսրյանը»,- նշեց նա` հավելելով, որ Մսրյանի 75-ամյակը, հնարավոր է, նշվի Սանկտ Պետերբուրգում և Սոֆիայում` ռուս-բուլղարական «Նիկոլո Պագանինի» ֆիլմը նկարահանած կինեմատոգրաֆիստների, դերասանների մասնակցությամբ:

Արման Մսրյանը տեղեկացրեց, որ դերասանի 75-ամյակի առթիվ նպատակ կա ցուցադրելու նրա մասնակցությամբ ֆիլմերը, այդ թվում ավելի քան 10 ֆիլմեր, որոնք նկարահանվել են արտասահմանում «Տաջիկֆիլմ» և այլ կինոստուդիաների կողմից և երբեք չեն ցուցադրվել Հայաստանում:

Ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն իր հերթին նշեց, որ այսօր կարող է հանդիպում ունենալ Երևանի քաղաքապետի հետ և հնարավորության դեպքում կառաջարկի տեղեկատու ցուցատախտակ փակցնել այյն տան պատին, որտեղ բնակվել է մեծ դերասանը: Նա ընդգծեց, որ պատրաստ է ինքը նախագծել ցուցատախտակը: