AM
4 Հոկտեմբեր 2012 - 15:51 AMT

Հայկական Poker.am ֆիլմը բարձրացավ մեծ էկրան

Այսօր` հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական Poker.am ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի նկարահանումները տևել են 2 ամիս: Կինոնկարը սուր ու լարված սյուժեով զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ:

Ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը պրեմիերայից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ այն կարծես եռապատման եզրափակիչ մասը լինի («Փեսացուն կրկեսից» և «Պահանջվում է միլիոնատեր») ֆիլմերից հետո: Նա հուսով է, որ այն յուրահատուկ տեղ կգտնի մարդկանց ժամանցի մեջ: Ֆիլմի դերասաններից մեկը` ռեփեր Միշոն, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա իր երկրորդ ֆիլմն է: «Մարմնավորում եմ մի կերպար, որն ինչպես առաջին ֆիլմում, շատ նման է ինձ: Ֆիլմն այսօրվա երևանյան կյանքում սրտանց արված գործերից մեկն է: Ուրախ եմ, որ մասնակցեցի նկարահանումներին, քանի որ սա թիմային աշխատանք էր, ոչ թե մեկի համար արված գործ»,- ընդգծել է նա:

Ֆիլմն արվել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ, սակայն պրեմիերային վրացի ոչ մի դերասան ներկա չէ:

Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, և գլխավոր հերոսը հայտնվում է նախ զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է'լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին…

Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան, գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը, Լիկա Էլբակյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, ինչպես նաև վրացի դերասաններ Շորենա Բեգաշվիլին, Զուրա Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն և այլք:

Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 350 հազար դոլար: