AM
5 Հոկտեմբեր 2012 - 06:09 AMT

«Ժողովուրդ». ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է, ինչ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերող փաստաթղթերի լուրը, ԲՀԿ առաջնորդը խիստ վիրավորվել է, այն համարելով որպես գոտկատեղից ներքև հասցված հարված:

Օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՀՀ նախագահի մակարդակով երեկ փորձ է արվել զրուցել Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել: Նա որևէ մեկին չի ասել, թե որտեղ է գտնվում: Թերթի աղբյուրների վկայությամբ` արդեն երեկոյան ԱԺ նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբբահամյանին է հրահանգվել գտնել ԲՀԿ առաջնորդին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ «կապի դուրս չի եկել»: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի` խառնելով ողջ քաղաքական դաշտը: Ըստ լուրերի` Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տասը օր ժամանակ է խնդրել և կխոսի մյուս շաբաթվա սկզբին: