AM
5 Հոկտեմբեր 2012 - 09:16 AMT

Հետխորհրդային տարածքի թատերական գործիչները կհանդիպեն Վրաստանում

Հետխորհրդային տարածքի թատերական գործիչները կհանդիպեն Վրաստանում: «Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակում նման պայմանավորվածություն է ձեռք բերվել «Կովկաս» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 4-ին հիմնադրամի նախագահ Լևան Խեթագուրին և նախագծերի ղեկավար Յուրի Մգեբրիշվիլին «Հայֆեստի» օրերին անցկացրեցին վարպետության դասեր` «Հայաստան-Վրաստան կատարողական արվեստի պլատֆորմ» թեմայով: Ծրագրին մասնակցում էին Հ.Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ՀՀ վաստակավոր արտիստ, տնօրեն Ֆրեդ Դավթյանը, Ղազախստանի թատերական ինստիտուտի պրոֆեսոր Սանիյա Կոպտիևան, ուսանողներ և այլք:

Դասընթացին հաջորդած քննարկումների արդյունքում որոշվեց մշակել նոր նախագծեր և ընդլայնել գործակցության եզրերը: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց Լևան Խեթագուրին, նույնպիսի հանդիպումները տեղ կգտնեն նաև «Հայֆեստի» շրջանակում ամեն տարի: «2013թ. կկազմակերպվի մեր հիմնադրամի հերթական տոնավաճառը` կովկասյան երկրների մասնակցությամբ: Նախատեսվում է տարեկան հանդիպումներ կազմակերպել ինչպես թատերական ղեկավարների միջև, այնպես էլ դերասանական կազմերով, հանդես գալ համատեղ ներկայացումներով, թատերախաղերով: