Երեկ Երևանում Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տռպչեսկին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեց Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը: Հայ հանդիսատեսը կատարումն ընդունեց շատ ջերմ և նա երկու անգամ բիս նվագեց` մակեդոնական ազգային պար և Արամ Խաչատրյանի Պիեսը: Այս կապակցությամբ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց դաշնակահարի հետ, ով բարձր տրամադրությամբ ասաց հետևյալը.«Այսպիսի ընդունելությունն ինձ համար ակնկալելի էր: Հայաստանում մարդիկ մեծ սիրտ ու հոգի ունեն:
Այստեղ կան երաժշտական մեծ ավադույթներ, և մեծ պատասխանատվություն է նվագել Ռախմանինովի այս հայտնի ստեղծագործությունը: Ես շատ ուրախ եմ, որ այսպես ջերմ ընդունվեցի»:
Նա կարճ ժամանակահատվածում եղել է Հայաստանի տարբեր վայրերում, ծանոթացել երկրի բնակիչների հետ: Նրա համար հատուկ նշանակություն ունեցավ հատկապես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի այցելությունը:
«Իմ կարծիքով մեծ պատիվ է ցանկացած արտիստի համար լինել այդտեղ: Թանգարանի տնօրենը` Արմինե Գրիգորյանն հատուկ ինձ համար էքսկուրսիա կազմակերպեց: Ես չէի սպասում, որ մի օր կնվագեմ Արամ Խաչատրյանի ռոյալի վրա: Դա ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր էր: Մի խոսքով երջանիկ եմ»:
Սիմոն Տռպչեսկին հույս ունի կրկին գալ Հայաստան և անպայման այցելել Սևան, քանի որ չհասցրեց այնտեղ լինել: