AM
5 October 2012 - 10:57 AMT

Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը

Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում անցնում է Գայանե Խաչատուրյանի ցուցահանդեսը (1942-2009), որը նվիրված է նրա 70-ամյա տարելիցին: Ցուցահանդեսի համադրողներն են Վիտալի Պացյուկաևն ու Վալերի Խանուկաևը: Ցուցահանդեսը կրում է «Հայելային ծաղկավաճառը» խորագիրը:

Բորիս Մեսսերերի մշակած ցուցադրությունը կազմված է մոտ 60 գեղանկարչական աշխատանքներից, շուրջ 50 գծապատկերներից, 3 տեսաֆիլմից: Ցուցահանդեսը ներառում է ցուցանմուշներ Հայաստանի Ազգային պատկերասրահից, Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանագարանից, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից, Մոսկվայի Գայանե Խաչատուրյանի հիմնադրամից, ինչպես նաև Եվգենի Պրիմակովի, Վլադիմիր Սպիվակովի, Էլդար Ռյազանովի, Վալերի Խանուկաևի մասնավոր հավաքածուներից:

Դեռ սեպտեմբերի 25-ին ՌԴ Գրականագետների կենտրոնական տանը տեղի ունեցավ մեկ գործողությամբ «Գայանե» բալետի ցուցադրությունը, որը Գայանե Խաչատուրյանի միջազգային հիմնադրամի և Europaballett St. Polten- համատեղ նախագիծն էր:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը: