ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնական այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցելու Իրանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, Թեհրան կատարած այցի ընթացքում նախարարը եղավ Թեհրանի առաջին հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում, մասնակցեց սուրբ պատարագին: Այնուհետև այցելեց «Էլպիս Ֆերեհյան» մանկապարտեզ և ծանոթացավ մանկապարտեզի 70-ամյա անցյալին, ներկա աշխատանքներին:
Նախարար Հ. Հակոբյանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանատան աշխատակազմի ընկերակցությամբ այցելեց Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան: Ազգային առաջնորդարանի դահլիճում ողջույնի խոսք ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Հանդիպման վերջում նախարարը ոսկե մեդալով պարգևատրեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հարավային իրանահայության գործող պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին հանձնեց պատվոգիր, Թ. Հ. Թ. Պատգամավորական ժողովի ատենապետ Գևորգ Աբուլյանին պարգևատրեց Վ. Սարոյանի անվան, Թ. Հ. Թ խորհրդի ատենապետ Էդուարդ Բաբախանյանին՝ Արշիլ Գորկու անվան մեդալներով:
Նախարար Հակոբյանը իրանահայ բանաստեղծ Վարանդ Քեշիշյանին հանձնեց ՀՀ նախագահի կողմից տրված Մովսես Խորենացու անվան շքանշանը:
Հոկտեմբերի 1-ին Սպահանի հայոց Թեմական խորհրդի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եղավ Նոր Ջուղայում: «Արարատ» միության մարզասրահին կից բացօթյա տարածքում տեղի ունեցած հանդիսության ժամանակ Սպահանի Հայոց Թեմական խորհրդի ատենապետ Նոել Մինասյանը խորհրդանշական համարեց նախարարի՝ նախարարության հիմնադրման քառամյակի օրը:
Միջոցառման ավարտին նախարարը ոսկե մեդալներով պարգևատրեց Սպահանի հայոց թեմի ատենապետ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանին և Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասյանին: