Ռուսական էստրադայի հայտնի կատարողներ Վերա Բրեժնևան, Զառան, «Սերեբրո» խումբն ու Տուրեցկու երգչախումբը հոկտեմբերի 14-ին կմասնակցեն «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Արամ Սուքիասյան:
Նրա խոսքով, տոնակատարությանը կմասնակցեն նաև արտերկրից ժամանած ավելի քիչ հայտնի կատարողներ, որոնք ելույթ կունենան ոչ թե տոնակատարության գալա համերգին, այլ ժանրային բաժանում ունեցող բեմերում:
Այս տարի Երևանը դառնում է 2794 տարեկան: Միջոցառումների շարքը կսկսվի ժամը 10.00-ից` քաղաքի փողոցների ջրցան մեքենաների շքերթով: Միջոցառումներն անցկացվելու են 26 հարթակներում:
Միջոցառումների համար տրամադրվել է 90 մլն դրամ: Այս տարի ևս կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» տիտղոսը: Տոնակատարությանը կմասնակցեն Երևանի քույր քաղաքների ներկայացուցիչներ: