Միքայել Պողոսյանը Ռումինիայի միջազգային կինոփառատոնից վերադարձել է հաղթանակով: Հայաստանը փառատոնին ներկայացել է «Եթե բոլորը» ֆիլմով, և Պողոսյանն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանը, մրցույթում եղել է 7 անվանակարգ: Նա նաև պատմեց, որ կինոփառատոնում ներկայացված էին ուժեղ ֆիլմեր և ուրախ է հաղթել այս անվանակարգում:
Փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 27-հոկտեմբերի 7-ը: Միքայել Պողոսյանը Երևան է ժամանել այսօր առավոտյան:
Ֆիլմի հերոս Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն նրա հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որպեսզի օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ ու արկածներ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքն իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած կեչին կյանքի խորհրդանիշ է և ոչ միայն հանգուցյալների հիշատակի բեռ:
Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն: