AM
8 Հոկտեմբեր 2012 - 12:49 AMT

Ներկայացման պրեմիերա ՆՓԱԿ-ում. «Բռնաբարություն»

Հոկտեմբերի 24-ին` ժամը 20:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա «Բռնաբարություն» ներկայացման պրեմիերան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց բեմադրության ռեժիսոր Նանոր Պետրոսյանը, ներկայացումը մի կնոջ մենախոսություն է, որը պատմում է իրեն բռնաբարելու դեպքի մասին: Նանորի խոսքով` բեմադրությունն ընդհատումներով տևել է վեց ամիս, իսկ դերասանական կազմում ընդգրկված են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ: Ռեժիսորը հավելեց, որ առայժմ ծրագրված է միայն մեկ ցուցադրություն:

Ներկայացումը բեմադրվել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի դրամատուրգ և ռեժիսոր Դարիո Ֆոյի և նրա կնոջ` դերասանուհի Ֆրանկա Ռամեի համանուն պիեսի հիման վրա: Դերերում հանդես են գալիս Գայանե Բալյանը, Հասմիկ և Մերի Դոլմազյանները, Նարե Գրիգորյանը և Սոնա Հովհաննիսյանը, երաժշտությունը` Մերի Դոլմազյանի, նկարիչ` Նվարդ Երկանյան: