AM
8 Հոկտեմբեր 2012 - 15:23 AMT

9-ամյա Միքայել Վարոսյանի մասնակցությունը «Մանկական Եվրատեսիլին» կքննարկվի վերահսկող խմբի ժողովում

Եվրատեսիլ նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը մեկնաբանել է «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի անդամներից մեկի տարիքային անհամապատասխանության մասին շրջանառվող լուրերը: «Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան (13 տարեկան), Արշավիր Գրիգորյան (13 տարեկան), Արամ Ծատուրյան (13 տարեկան) և Աբրահամ Ազնաուրյան (13 տարեկան): Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի «Sweetie baby» երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ»,- հաղորդել է նա:

Գոհար Գասպարյանը տեղեկացրել է, որ մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, որի 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին: «Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի Եվրատեսիլի ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային և այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինս նշել է, որ Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր «Sweetie baby» երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում»,- հայտնել է Եվրատեսիլ նախագծի հայաստանյան պատասխանատուն: