Հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «100 բանաստեղծություններ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ և ժամանակակից այլ բանաստեղծներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են 20-րդ դարի երկրորդ կեսի լեհ բանաստեղծների չափածո ստեղծագործությունները:
«Ես նկատել եմ, որ ցանկացած երկիր անհնար է ճանաչել առանց մշակույթի: Լեհական մշակույթում պոեզիան` դա լեհականության ճանաչման բանալին է: Քանի որ հայերի մեղքը չէ, որ նման թարգմանություն չի եղել, ես որոշեցի գործի անցնել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նրա խոսքով, լեհերենը անգլերենի տարածումը չունի, և եթե 10 տարիների ընթացքում 2 լեհ բանաստեղծ արժանանում է Նոբելյան մրցանակի, ապա դա որակի նշան է:
Բավական ծավալուն գրքում ընդգրկված են Քշիշտով Կամիլ Բաչինսկու, Յան Տվարդովսկու, Վիսլավա Շիմբորկայի, Չեսլավ Միլոշի, Զբիգնեվ Հերբերտի և լեհ ամենահայտնի գրող Տադեուշ Ռուժևիչի 100 բանաստեղծությունները: Գրքի աջ էջում գրված է բանաստեղծության բնօրինակը, ձախ էջում` հայերեն թարգմանությունը: Բանաստեղծությունները թարգմանել են Շանթ Մկրտչյանը, ով համարվում է ոլորտի ամենահայտնի մասնագետը, և Նաիրա Մախչանյանը: