AM
9 Հոկտեմբեր 2012 - 10:50 AMT

«Տաղանդավոր Սերունդ». Հաղթանակի գրավականը դարձած երեխային շոու անվանելն առնվազն անբարոյականություն է

«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում հաղթած խմբի 9-ամյա մասնակցին: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց ՀԿ նախագահ Միքայել Մարգարյանը, Եվրատեսիլյան խիստ կանոնի համաձայն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: «Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է: Հ1-ն իր հերթին երեկ հայտարարել է, որ խումբը ի սկզբանե բաղկացած է եղել 4 հոգուց այն դեպքում, երբ խումբը մինչև Եվրատեսիլը չի ունեցել ոչ մի հրատարակած երգ, տեսահոլովակ և առհասարակ ոչ մի գործունեություն, ավելին, համացանցում զետեղված բոլոր լուսանկարներում, տեսահոլովակում, հարցազրույցների ժամանակ, փորձերին և ի վերջո վիճակահանության ժամանակ, երբ արգելվել էր շոուի մասնակիցներին ներկա գտնվելը, Compass band-ը ներկայացավ 5 հոգանոց կազմով, ոչ այլ ինչ է, քան բացահայտ սուտ»,- նշեց նա` հավելելով, որ երեխային, ով խմբի հաղթանակի գրավականն էր, անվանել ընդամենը շոու, առնվազն անբարոյականություն է:

Հատկանշական է, որ ՀԿ նախագահի խոսքով` Հանրային հեռուսատառադիոխորհրդի անդամ, մրցութային հանձնաժողովի անդամ Արմեն Անդրեասյանը Միքայել Մարգարյանի հետ հեռախոսազրույցում փոխանցել է խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքերը` հաստատելով, որ երեխայի տարիքի վերաբերյալ փաստաթղթերը կեղծվել են:

Մարգարյանը նշեց, թե իրենց կարծիքով, Մանկական Եվրատեսիլի ղեկավար Սիտցե Բեքերին ներկայացվել է, որ Compass band-ից բացի նախընտրականին ուրիշ արժանի ելույթ չի եղել, որի պատճառով էլ ղեկավարը որոշել է աչք փակել մեկ «փոքրիկ» խախտման վրա: «Իսկ ի՞նչ կասի նա, երբ իմանա Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների մասին: Թերևս այս անգամ էլ պետության շահերը ընդունենք գերակա և Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով` չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության»,- ասաց նա:

«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ն պահանջում է «պատժել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա»:

ՀԿ-ն նամակ է հղել ՀՀ նախագահին, նախագահի տիկնոջը, վարչապետին, ԱԺ նախագահին, ԱԱԾ պետին: